3 მაისი, პარასკევი, 2024

Տարվա կրթական միջոցառումները

spot_img

Անցած տարվա վերջին օրն ավարտվեց կարևոր որոշում ընդունելով։ Երկար սպասումից հետո՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին  սահմանվեց հանրակրթական դպրոցի տնօրենի թեկնածուների թեստավորման օրը և քննության տևողությունը. որոշվեց, որ թեստավորումը կանցկացվի 2023 թվականի հունվարի 22-ին էլեկտրոնային եղանակով, մեկ նստաշրջանով։ Թեստավորմանը մասնակցելու հնարավորություն տրվեց այն անձանց, ովքեր 2020 թվականի փետրվարի 3-ից մինչև 2020 թվականի փետրվարի 17-ը ներառյալ և 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ գրանցվել էին, ինչպես նաև, դիմումով չէին պահանջել չեղարկել գրանցումը և վերադարձնել գրանցման համար վճարված գումարը։ Ամբողջ երկրի տարածքում գործում էր 49 քննական կենտրոն։ Թեստավորման համար գրանցում էր անցել 3 205 տնօրենության հավակնորդ, իսկ թեստավորման էր ներկայացել նրանցից 1839-ը։  Թեստը հաջող հանձնելու դեպքում տնօրենի թեկնածուները կտեղափոխվեին հավաստագրման հաջորդ փուլ, այսինքն՝ հարցազրույցի փուլ, որը համեմատաբար հուզական էր, քանի որ նրանց մի մասին հենց հարցազրույցի ժամանակ են մերժել վերջնականապես դառնալ հավաստագրված տնօրենի թեկնածուներ։ Հարցազրույցի ներկայանալու հնարավորություն ունեին տնօրենի թեկնածուները, ովքեր հաջողությամբ անցել էին հավաստագրման առաջին աստիճանը՝ թեստավորումը, մասնավորապես, հաղթահարել էին թեստավորման համար սահմանված կարողունակության նվազագույն շեմը (առավելագույն միավորների 60%-ը)։ Այսպիսին է եղել դիմումատուների 76%-ը։

Նախարարությունը հանրային դպրոցների տնօրենության թեկնածուների հարցազրույցի գործընթացը սկսել է մարտի 20-ից, ըստ ժամանակացույցի, այն շարունակվել է մի քանի ամիս։

Նույն օրը՝ մարտի 20-ին, Վրաստանի վարչապետը հանրությանը ներկայացրեց կրթության և գիտության նոր նախարար Գիորգի Ամիլախվարիին։

Ներկայացնելու ժամանակ Գիորգի Ամիլախվարին ասաց, որ այդ օրվանից իր թիմի հետ կսկսի «ակտիվ հաղորդակցություն կրթության և գիտության համակարգում ներգրավված բոլոր անձանց՝ երեխաների, նրանց ծնողների, մեր վաստակավոր և արժանավոր ուսուցիչների, դպրոցների ղեկավարության ներկայացուցիչների, դասախոսների, գիտնականների և, իհարկե, երիտասարդների և ուսանողների հետ։ Մենք նրանց հետ կքննարկենք առկա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները  և ստացված հետադարձ կապի հիման վրա  արագ և անհապաղ որոշումներ կկկայացնենք՝ ի պատասխան այդ մարտահրավերների»։

Նախարարի նշանակումը չհանգեցրեց նախարարությունում կադրային լայնածավալ փոփոխությունների։ Գիորգի Ամիլախվարին մարտի 28-ին փոխնախարարի պաշտոնի նշանակեց Գելա Գելաձեին։

Հենց առաջին օրը ուսուցիչների հետ հայտարարված հանդիպումներին նախորդել է նախարարի որոշումով հանրակրթության զարգացման ուղղությամբ աշխատանքային խմբի ստեղծումը՝ անձամբ Գիորգի Ամիլախվարիի գլխավորությամբ, որը համակարգում է բանասիրական գիտությունների դոկտոր և մանկավարժ Գիա Մուրղուլիան։ 150 ուսուցիչներից բաղկացած խմբի հետ առաջին աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 21-ին։ Ուսուցիչների հետ ակտիվ շփման մեկնարկին շուտով հաջորդեց նախարարի առաջին կոնկրետ որոշումը՝ կապված ուսուցիչների գործնական գնահատման գործիքների հետ` պորտֆոլիոյի ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև հունիսի մեկը, ինչպես նաև, որոշակիորեն պարզեցվեց պորտֆոլիոն ներբեռնելու և ներկայացնելու գործընթացը, մասնավորապես․

♦ Վերացվեց ուսուցչի գործնական գործունեության գրավոր ռեֆլեքսիայի (անդրադարձ  իր գործունեությանը) պարտավորությունը։ Ուսուցիչն իր գործունեության շնորհանդեսը ներկայացնում է բանավոր՝ որակավորված գնահատման խմբի հետ հարցազրույցի ժամանակ։ Բնականաբար, բանավոր հարցազրույցի ժամանակ ուսուցիչը հնարավորություն կունենա գնահատող խմբի հետ քննարկել, թե որքան կարևոր էր այս կամ այն ​​գործունեության իրականացումը, ինչ կապ ունի այս գործունեությունը ուսումնական գործընթացի հետ և ստանալ համապատասխան արձագանք:

♦ Հանվել է   յուրաքանչյուր ուղղության համար բոլոր իրավասությունների ապացույցներ ներկայացնելու պարտավորությունը: Ուսուցիչը հնարավորություն ունի պորտֆոլիոյում վերբեռնել ուղղությունների միայն մեկ իրավասությանը համապատասխանող ապացույցները և հարցազրույցի ընթացքում գնահատող թիմի հետ քննարկել այդ ապացույցների իսկությունը, դրանց կապը ազգային ուսումնական  պլանի ներդրման և ուսանման ու ուսուցման որակի բարձրացման հետ։

Մայիսի 23-ին նախարարը ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ուղղությամբ ևս մեկ որոշում   կայացրեց՝ ժամանակավորապես դադարեցվեց հատուկ հանձնաժողովի գործունեությունը, որն ուսուցիչներին առանց քննություն հանձնելու, հանձնաժողովային կարգով  կարգավիճակ շնորհելու հնարավորություն էր տալիս։ Նախարարը ժամանակավորապես դադարեցրեց նաև առաջատար և մենթոր ուսուցիչ դառնալ ցանկացողների մասնագիտական ​​քննությունը և հայտարարեց, որ քննությունը չի չեղարկվել, և այն կանցկացվի 2024 թվականին։

Նախարարության նախաձեռնությամբ հունիսին կատարվել է ևս մեկ փոփոխություն՝ «Ուսուցչի մասնագիտական ​​զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեման հաստատելու մասին» Վրաստանի կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի № 241 որոշման մեջ փոփոխություններ են կատարվել, համաձայն որի, ոչ վրացալեզու հատվածի ուսուցիչները կպահպանեն «գործող ուսուցիչ» կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը, և նրանց մի քանի անգամ հնարավորություն կտրվի հավաստելու իրենց կարողունակությունը։ Նախարարությունը ոչ վրացալեզու հատվածի ուսուցիչներին խոստացել է, որ կառաջարկի նախապատրաստական ​​դասընթացներ ինչպես առարկայական գիտելիքների խորացման, այնպես էլ վրացերենի իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Կրթական համակարգում ընթացող գործընթացներից 2023 թվականին ամենաաղմկոտ պատմության վերածվեց տնօրենների ընտրությունը։ Կրթության և գիտության նախարարության 2023 թվականի հունիսի 8-ի հրամանի համաձայն՝ Հանրային դպրոցի տնօրեն լինելու իրավունք շնորհվել է 593 թեկնածուի։ Ընդհանուր առմամբ ընտրություններ են տեղի ունեցել 927 դպրոցներում, որոնց մեծ մասում նախարարությունը ներկայացրել է միայն մեկ թեկնածու՝ անկախ ցանկացողների թվից։ Այս որոշումը դժգոհություն է առաջացրել տնօրենի թեկնածուների շրջանում, ինչպես նաև դպրոցներում և կրթական համայնքում։

Նշենք, որ հավաստագրման գրավոր քննություն հանձնած 162 տնօրենի թեկնածու  հարցազրույցի արդյունքների հիման վրա մնացել է դպրոցից դուրս։ Նրանցից 26-ը վեճը շարունակել է դատարանում և պահանջել չեղարկել հարցազրույցի արդյունքները, և այն կրկին անցկացնել արդար միջավայրում։ Այսօրվա դրությամբ շուրջ 1200 հանրային դպրոցներում տնօրենի գործառույթը կատարում են պաշտոնակատարներ։

Դեկտեմբերի 4-ին երկու ուսուցիչ՝ Մայա Էկալաձեն և Դավիթ Փերաձեն, բողոքի ակցիա է սկսել նախարարության շենքի մոտ։ Մայա Էկալաձեն դիմել է բողոքի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի։ Կրթության նախարարը հանդիպեց բողոքի գործողության մասնակիցներին, սակայն դա բավարար չեղավ բողոքն ավարտելու համար, քանի որ հանդիպումից դուրս եկած մանկավարժները շարունակեցին բողոքի գործողությունը և հայտարարեցին, որ «սա հանդիպում էր հանդիպելու համար»։ Նույն օրը կառավարության նիստի ավարտից հետո Գիորգի Ամիլախվարին հայտարարեց, որ «եթե կոնկրետ անձինք համարում են, որ իրենց իրավունքները խախտվել են, դրա համար կա դատարան, այսպես է տեղի ունենում ցանկացած ժողովրդավարական երկրում։ Մենք առաջիններն ենք, որ սկսել ենք աշխատել դպրոցների ինքնավարության բարձրացման ուղղությամբ, ուստի նրանց փաստարկներն այս առումով անընդունելի են»։ Բողոքը շարունակվում է։

Կրթության և գիտության նախարարի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ը՝ Յակոբ Գոգեբաշվիլիի ծննդյան օրը, հռչակվել է Ուսուցչի ազգային օր, և հասարակության և կրթական համակարգի զարգացման գործում ունեցած առանձնահատուկ ավանդի համար վաստակաշատ ուսուցիչների համար սահմանվել է Ուսուցչի ազգային մրցանակ՝ հատուկ ստեղծված կրծքանշան և դրամական պարգև 10 000 լարիի չափով։ Այս տարի առաջին մրցանակի է արժանացել 11 ուսուցիչ։

Տարվա իրադարձությունը ուսուցիչների աշխատավարձի նոր բանաձևի գործարկումն էր։ Նախարարը հայտարարեց հուլիսի 1-ից ուսուցիչների աշխատավարձերի աննախադեպ բարձրացման մասին. լրիվ դրույքով աշխատող ​​ուսուցիչների աշխատավարձը կավելանա միջինը 500 լարիով և ավելի, ինչը մեկ տարվա ընթացքում միջին աշխատավարձի մոտավորապես 35%-ով բարձրացում է։

Այս տարի փոփոխությունն անդրադարձավ առաջին դասարանցիների տարիքին, և երկու ուղղում կատարվեց «Հանրակրթության մասին» օրենքում, համաձայն որի գարնանը հայտարարված առաջին դասարանցիների գրանցման ժամանակ գրանցում կարողացան անցնել այն աշակերտները, որոնց 6 տարին լրացել էր մինչև նոյեմբերի մեկը, իսկ աշնանն իրականացված ևս մեկ փոփոխության համաձայն արդեն կկարողանան գրանցվել այն երեխաները, որոնց 6 տարին կլրանա մինչև դեկտեմբերի 1-ը։

Գիորգի Ամիլախվարին սեպտեմբերի 20-ին մասնավոր դպրոցների տնօրեններին և ասոցիացիաների ներկայացուցիչներին ներկայացրեց մասնավոր հանրակրթական հաստատությունների համար մշակված նոր որոշումները, մոտեցումներն ու մեխանիզմները, որոնց շուտով հաջորդեցին փոփոխություններ Ազգային ուսումնական պլանում։ Նախարարության հայտարարությամբ, թարմացված փաստաթուղթը նշանակում է հանրային ​​և մասնավոր դպրոցներին ավելի մեծ ինքնավարության շնորհում: Փոփոխությունները անդրադարձել են ուսանման և ուսուցման պլանավորման ու կառավարման հետ կապված բոլոր բաղադրիչներին, այդ թվում, ուսանում-ուսուցման սկզբունքներին, նպատակներին և բովանդակային առաջնահերթություններին, ինչպես նաև դասավանդման մեթոդներին, գնահատմանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանը։ Արդյունքում, «ուսանում-ուսուցման յուրաքանչյուր բաղադրիչ ուղղված է հանրակրթական հաստատություններին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելուն և դպրոցներին ավելի շատ հնարավորություններ ընձեռելուն, որպեսզի ստեղծագործաբար և աշակերտի լավագույն շահերի նախատեսմամբ պլանավորեն ուսումնական գործընթացը»։

Փոփոխությունների ցանկում դպրոցական համայնքի հատուկ ուշադրության արժանացավ և քննարկման առարկայի վերածվեցին որոշող գնահատման բաղադրիչների չեղարկումը (դասարանային, տնային, ամփոփիչ) և մոդելները։ Այժմ դպրոցներն իրենք կարող են ստեղծել որոշող ​​գնահատման օրիգինալ համակարգ և սկզբունքներ, ըստ որի դպրոցական համակարգում գրված գնահատականները կփոխարկվեն Ազգային ուսումնական պլանով սահմանված 10 միավորանոց համակարգի մեջ։ Բացի այդ, մասնավոր դպրոցներին իրավունք կտրվի սահմանել ոչ թե դասարանի, այլ աստիճանի հաղթահարման շեմը։ Այդ թվում դպրոցն ինքն է սահմանում դպրոցի ժամային ցանցը՝ համապատասխան հիմնավորումներով՝ աշակերտների կարիքների ու հետաքրքրությունների, ինչպես նաև՝ դպրոցի մարդկային և ֆինանսական ռեսուրսների նախատեսմամբ։ Ազգային ուսումնական  պլանում տրված ժամային ցանցը կրում է միայն հանձնարարական բնույթ։ ԱՈՒՊ-ում այլևս չեն նկարագրվում առարկայական ամբիոնների և դասղեկի գործառույթները: Դպրոցներն իրենք կարող են որոշել, թե դպրոցական համայնքի անդամներն ինչ գործառույթներ են իրականացնելու և ինչպիսին է լինելու դպրոցի կառուցվածքը։ Փոփոխության համաձայն՝ մասնավոր դպրոցներին իրավունք կտրվի ուսումնական գործընթացում օգտագործել երաշխավորություն չստացած, համաձայնեցված դասագրքեր, ինչպես նաև, նրանք իրավունք ունեն ինքնուրույն որոշել դասղեկի ձևն ու գործառույթները. կչեղարկվի նաև դասղեկի ինստիտուտի առկայության պարտավորությունը։

2023 թվականին Վրաստանի հանրակրթական դպրոցներում ակտիվորեն սկսվել է լիազորման գործընթացը, որի նպատակն է պարզել ինչպես մասնավոր, այնպես էլ հանրակրթական դպրոցների գործունեության համապատասխանությունն այն անհրաժեշտ պայմաններին, որոնց բավարարումն ապահովում է ինչպես անվտանգ միջավայր, այնպես էլ ուսումնական գործընթացի որակը։ Դպրոցների լիազորման գործընթացը պետք է ավարտվեր 2027 թվականի համար, սակայն նոյեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ նախարարությունը նախատեսում է երկարաձգել լիազորման ժամկետը, և հանրային դպրոցների փուլերով լիազորման ժամկետը 2026-2027 ուսումնական տարվա սկզբի փոխարեն կսահմանվի մինչև 2030- 2031 ուսումնական տարին։ Ընդհանուր առմամբ, լիազորման գործընթացում պետք է ներգրավվեր 2086 հանրային դպրոց, ինչը նշանակում էր, որ յուրաքանչյուր տարի գրեթե 600 հանրակրթական դպրոց պետք է  պատրաստակամություն արտահայտեր լիազորման համար: Նախաձեռնված փոփոխությունից հետո «գործընթացը ընթանալու է ըստ նախատեսվածի, և ամեն տարի պլանավորվում է 200-ից 300 դպրոց ընդգրկել լիազորման գործընթացում»,– նշված է օրենքի նախագծի բացատրական գրության մեջ։

2023 թվականը բավականին կարևոր որոշումներով կսկսվի ուսանողների համար՝ 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսամյակից կրկնապատկվեց կրթաթոշակառուների թիվը և պետական ​​կրթաթոշակի չափը։ Թարմացված ծրագրի շրջանակներում ուսումնական տարվա 10 ամիսների ընթացքում՝ հոկտեմբերից հուլիսը ներառյալ, պետական ​​բարձրագույն ուսումնական հաստատությունների հաջողակ ուսանողները 150 լարիի փոխարեն ամեն ամիս կստանան 300 լարիանոց կրթաթոշակ։

Ինչ վերաբերում է ուսանողների թվին, ապա եթե մինչ այժմ կրթաթոշակ էր տրվում միջինը 2500 ուսանողի, ապա նոր ուսումնական տարվանից 5000 հաջողակ ուսանող կստանա ավելացված կրթաթոշակ։ Նորություն էր նաև այն, որ համալսարանն այլևս ինքը չի սահմանի կրթաթոշակառուների ընտրության չափանիշները, և բարձրագույն ուսումնական հաստատությունները առաջնորդվելու են կրթաթոշակառուների ընտրության ընդհանուր չափանիշներով, որոնք հաստատվել են Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրամանով։ Սեպտեմբերի 15-ին այս որոշմանը հաջորդեց վարչապետի երկրորդ որոշումը, ըստ որի՝ ֆինանսական պարտքի պատճառով կարգավիճակը կասեցված ուսանողների առկա պարտքը կզրոյացվի, և այս որոշման ետևում բավականին տպավորիչ թիվ և գումար անվանվեց՝ ընդհանուր առմամբ Վրաստանի քաղաքացի շուրջ 30.000 ուսանողի մինչև 40 մլն լարի պարտքը կմարվի։ Նախաձեռնությանը միացել են Վրաստանի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, բացառությամբ երկու համալսարանների։

Նոյեմբեր ամսին Նախարարությունը սահմանել է պահանջներ դպրոցների սննդի օբյեկտների նկատմամբ, և ոլորտային նախարարությունների, շահագրգիռ կազմակերպությունների և ծնողների ակտիվ ներգրավմամբ հաստատվել են «Հանրակրթական հաստատություններում սննդի օբյեկտների գործունեության համար սահմանված նվազագույն պահանջները»։ Փաստաթղթում արտացոլված են ինչպես առողջ սննդի վերաբերող հմտությունների և կարողությունների հանձնարարականներ՝ արգելված պատրաստի սննդամթերք և բաղադրիչներ, այնպես էլ անձնական հիգիենայի պահանջներ դպրոցական սննդի ոլորտի աշխատակիցների և այլոց համար:

Հունվարի 1-ից Կրթության և գիտության նախարարությունն արդեն նոր անունով կշարունակի իր գործունեությունը։ Հաջորդ տարվանից նախարարությանը կավելանա   նոր ուղղություն՝ Երիտասարդության գործակալություն, և գերատեսչության անվանումը կլինի՝ Կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն։

Կրթության և գիտության նախարարությունը ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանն առնչվող նորացված տեսլականների և բարեփոխումների շնորհանդեսը, ենթադրաբար, պլանավորում է դեկտեմբերին, հետևաբար հնարավոր է տարեվերջին ականատես լինենք այլ փոփոխությունների ևս, որոնց մասին  տեղեկությունները մենք մանրամասն կներկայացնենք մեր կայքում։

ერთიანი ეროვნული გამოცდები

ბლოგი

კულტურა

მსგავსი სიახლეები