2 თებერვალი, ხუთშაბათი, 2023

Անկանոն բայերը ժամանակակից հայերենում

spot_img

აზნივ ვოსკანიან
სსიპ წალკის მუნციპალიტეტის სოფელ კიზილკილისის საჯარო სკოლის დირექტორი, სომხური ენისა და ლიტერატური მასწავლებელი

 

 

Անկանոն են համարվում բոլոր այն բայերը, որոնք իրեց ձևակազմական առանձնահատկություններով խոնարհվելիս տարբերվում են  բայի խոնարհման ընդհանուր օրինաչափությունից: Ականավոր լեզվաբան Մանվել Ասատրյանը անկանոն բայերը հետևյալ կերպ է սահմանում. <<Կան առանձին քերականական ձևեր, որոնք որոշակի շարքերի մեջ չեն մտնում, այլ ձևերի համաբանությամբ չեն կազմվում, և, հետևաբար, խոսողը դրանք կարող է կազմել միայն ուրիշներից լսելով և սովորելով>>: Լեզվական փաստերը ցույց են տալիս, որ ներկայիս անկանոն բայերն ու նրանց դրսևորումները ոչ թե ինչ-որ մի մասնակի շրջանի հետևանք են, այլ գալիս են հեռավոր անցյալից և իրենց ամուր հիմքերն ունեն հայերենի խոր ընդերքում: Սկիզբ առնելով վաղ շրջանից` դրանք երբեք նույնը չեն մնացել, այլ, սերտորեն կապված են հայերենի և դրա մեջ էլ հատկապես բայական համակարգի ընդհանուր զարգացման հետ, ժամանակի ընթացքում կրել են զգալի փոփոխություններ` հայերենի զարգացման ամեն մի փուլում ստանալով նրան համապատասխան տեսք ու ձևավորում: Նրանց հետագա փոփոխությունների մեջ վճռական դեր են խաղացել նաև անկանոն բայերից յուրաքանչյուրի ձևաբանական կառուցվացքի ու դրա հիմքի վրա կատարված ձևափոխությունը: Դրանով պետք է բացատրել, որ հայերենի բայական համակարգում ծագած համեմատաբար նոր ձևերի մեջ (ըղձական, պայմանական, հարկադրական եղանակներ) անկանոն բայերը շեղումներ հանդես չեն բերում և իրենց անկանոնությամբ հիմնականում հատկանշվում են վաղակատարի, անցյալ կատարյալի ու հրամայականի ձևերում, որոնք հայերենի բայական համակարգի կրած փոփոխությունների ու տեղաշարժերի մեջ մեծ կայունություն են հանդես բերել և այդ պատճառով էլ արմատական տարբերություններ չեն ներկայացնում:

Պետք է նշել, որ սովորաբար քերականական ձևերի անկանոն կազմություններ են հանդես բերում լեզվի բառապաշարի ամենասովորական, ամենատարածված բառերը, որոնք ունեն գործածության մեծ հաճախականություն: Սակայն եթե նկատի ունենանք, որ լեզվի զարգացման հիմնական միտումներից մեկը քերականական ձևերի միասնականացման, անկանոն ձևերի վերացման միտումն է, ապա պարզ կդառնա, որ միայն մեծ հաճախականություն ու գործածություն ունեցող ձևերը կարող են կայունություն հանդես բերել` կազմելով միայնակ, առանձին, ներփակ խմբեր կամ անկանոն ձևեր:

Ժամանակակից արևելահայ գրական լեզվում կա խոնարհման ընդհանուր կանոններից շեղվող շուրջ 19 բայ` առնել, ասել, բանալ, բերել, գալ, դառնալ, դնել, զարկել, ելնել, թողնել, լինել, կենալ, տալ, տանել, տեսնել, ուտել, անել: Ալ. Մարգարյանը՝ որպես անկանոն բայ առանձնացնում է նաև բառնալ բայը , այս բայը առանձնացնում է նաև Ա. Աբրահամյանը:

Ըստ կազմության` անկանոն բայերը բաժանվում են 2 խմբի․

  • պարզ
  • ածանցավոր

Պարզ անկանոն բայերն են` ասել, բերել, գալ, լալ,տալ, զարկել, ուտել:

Ածանցավոր անկանոն բայերն են` անել (առնել), դնել, բանալ, բառնալ, դառնալ, ելնել, թողնել, լինել, կենալ, տանել, տեսնել:

Ածանցավորները սոսկածանցավոր բայերն են , որոնցում ածանցը մթագնել է և այսօրվա լեզվական զգացողությամբ արմատի մաս է կազմում : Անկանոն բայերի մեծ մասը` առնել, ասել, բերել, զարկել, ուտել, անել, դնել, տանել, ելնել, տեսնել, թողնել, ե խոնարհման են: Իսկ ա խոնարհման են պատկանում  գալ, լալ, տալ, դառնալ, կենալ, բանալ, բառնալ բայերը:

Իսկ հիմա ներկայացնենք անկանոն բայերից մի քանիսը։

         Ե խոնարհման պարզ բայեր

Միայն մեկ բացառություն կա: Հայերենի ամենագործածական բայերից ասել-ը, որն անկանոն  բայ է, պատկանում է Ե խոնարհման, սակայն ժամանակային որոշ ձևեր կազմելիս   ենթարկվում է Ա խոնարհման՝ ասացիասացիր, ասաց (հմմտ. ասացվածք, հեքիաթասաց, ասացող), ոչ թե ասեցի, ասեցիր, ասեց և այլն։ Ե-ով կազմված ձևերը բնորոշ են խոսակցական լեզվին:

         ԲԵՐԵԼ– Կատարյալ հիմքը արմատական է՝ բեր, որից կազմվում են անցյալ կատարյալի կանոնից շեղվող ձրերը։

  • Բերի Բերինք
  • Բերիր Բերիք
  • Բերեց Բերին

Ե խոնարհման կանոնավոր բայերի համաբանությամբ այժմ տարածում է գտել նաև այս բայի «կանոնավոր» կատարյալը։

  • Բերեցի Բերեցինք
  • Բերեցիր Բերեցիք
  • Բերեց Բերեցին

Իսկ հրամայական ձևերն են՝ բեր, բերեք։

         ՈՒՏԵԼ–  Անցրալ Կատարյալում և նրա հիմքից կազմվող ձևերում հանդես է գալիս ԿԵՐ արմատը։ Անցյալ կատարյալում ՈՒՏԵԼ-ը խոնարհվում է

  • Կերա Կերանք
  • Կերար Կերաք
  • Կերավ Կերան

Հրամայական եղանակն է՝ կեր, կերեք։

         Ե խոնարհման ածանցավոր բայեր

         ԱՆԵԼ– Անցյալ կատարյալում

  • Արի Արինք
  • Արիր Արին
  • Արեց Արին

Սակայն այս ձևերին զուգահեռ գործածական են նաև անցյալ կատարյալի ցոյական ձևերը․

  • Արեցի Արեցինք
  • Արեցիր Արեցին
  • Արեց Արեցին

Հրամայականում՝ արա,արեք։

ՏԱՆԵԼ-Անցյալ կատարյալում.

  • Տարա Տարանք
  • Տարար Տարաք
  • Տարավ Տարան

Հրամայականում՝տար, տարեք։

ԹՈՂՆԵԼ– Անցյալ կատարյալում

  • Թողի Թողինք
  • Թողիր Թողին
  • Թողեց Թողին

Այս ձևերին զուգահեռ կան նաև ցոյական ձևերը՝

  • Թողեցի Թողեցինք
  • Թողեցիր Թողեցիք
  • Թողեց Թողեցին

Հրամայականում՝ թող, թողեք։

         ԱՌՆԵԼ-Անկանոն է միայն այս բայի եզակի հրամայականը՝ ԱՌ։

         ԼԻՆԵԼ-Անցյալ կատարյալի հիմքում հանդես է գալիս ԵԼ արմատը,կատարյալի հիմքում՝ ելա, ելար,ելավ։

         Ա խոնարհման պարզ բայեր

         ԴԱՌՆԱԼ-Անցյալ կատարյալի հիմքն է ԴԱՐՁ, այսինքն կազմվում է ՌՆ/ՐՁ հնչյունական հերթագայությամբ։

Անցրալ կատարյալում բայը խոնարհվում է հետևյալ կերպ՝

  • Դարձա Դարձանք
  • Դարձար Դարձաք
  • Դարձավ Դարձան

Հրամայական եղանակ՝ դարձիր, դարձեք։

Բայի անցյալ կատարյալի և հրամայական եղանակի բարբառային ձևերն են՝

  • Դառա Դառանք
  • Դառար Դառաք
  • Դառավ Դառան

Իսկ հրամայականը՝ դառիր, դառեք։

         ԿԵՆԱԼ– բայի անցյալ կատարյալի հինքն է ԿԱՑ։ Անցյալ կատարյալ ։ ( վեր) կացա, կացար, կացավ, հրամայական՝( վեր) կաց, կացեք։ Վաղակատար դերբայ (վեր) կացել, հարակատար՝ կացած,ենթադրական՝ կեցող։ Այս բայի կատարյալ կեց հիմքը և նրանից կազմված կեցա, կեցար,կեցավ,կեցիր,կեցեք ձևերը բարբառային են և գրական լեզվում չեմ կիրառվում։

Ինչպես տեսանք, ժամանակակից հայերենում անկանոն բայերը խոնարհման ընդհանուր հարացույցից շեղվում են անցյալ կատարյալում և նրա հիմքից կազմվող ձևերում: Ժամանակակից հայերենում անկանոն բայերը տարբեր չափով են շեղվում խոնարհման ընդհանուր համակարգից. կան բայեր, որոնք զերծ են մեծ շեղումներից, և կան անկանոն բայեր, որոնք մեծ անկանոնություններով են աչքի ընկնում։

Այսպիսով, ինչպես տեսնում ենք  բայերի պարզ և ածանցավոր լինելը  համեմատաբար չի ազդում կանոնավոր-անկանոն փոխհարաբերությունների վրա։

Բացառություն են կազմում խոսակցական ձևերը,որոնցում նկատվում են որոշ անկանոնություններ,ավելի ստույգ՝ զուգաձություններ,ինչպես օրինակ բերեցի-բերի,ասացի-ասի-ասեցի,դարձա-դառա և այլն։

Սրանք կարող են համարվել մասնակի անկանություն և կապված են խոսակցական լեզվի առանձնահատկությունների հետ։ Իսկ ինչ վերաբերում է բուն անկանոն բայերին՝անկախ պարզ- ածանցավոր հակադրությունից,ապա դրանց պատճառները տարբեր են և բազմաթիվ։

ժամանակակից հայերենում անկանոն բայերը հիմնականում մտնում են լեզվի հիմնական բառաֆոնդի մեջ: Այստեղ պետք է նկատի ունենալ մի հանգամանք ևս, որ լեզվի զարգացման հիմնական միտումներից մեկը քերականական ձևերի միասնականացման, անկանոնությունների վերացման միտումն է, հետևաբար գործածության մեծ հաճախականություն ունեցող ձևերը կարող են կայունություն հանդես բերել` կազմելով միայնակ խմբեր, անկանոն ձևեր:

 

ՊԱԿԱՍԱՎՈՐ ԲԱՅԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՆԻՑ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

Ժամանակակից հայերենում կան մի շարք բայեր,որոնք չունեն  խոնարհման բոլոր ձևերը,այդպիսի բայերը կոչվում են պակատավոր բայեր։

Պակաս ձևերը լրացվում են այլ բայերով։ Հայերենի պակասավոր բայերն են՝ հուսալ, ցանկալ, լվալ, կենալ, արժել, կամ, գիտեմ, ունեմ, եմ։

  • ՀՈՒՍԱԼ բայն ունի միայն անորոշ դերբայ (հուսալ) և ըղձական (հուսամ), ենթադրական (կհուսամ), հարկադրական (պիտի հուսամ), մասամբ էլ հրամայական եղանակների (հուսա՛) բայաձևեր։ Մյուս ձևերի համար գործածվում է ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆԱԼ հարադրական բայը։
  • ՑԱՆԿԱԼ բայն ունի անորոշ դերբայ (ցանկալ) և ըղձական (ցանկամ), ենթադրական (կցանկամ), հարկադրական (պիտի ցանկամ) եղանակների բայաձևեր։ Մյուս ձևերում փոխարինում է ՑԱՆԿԱՆԱԼ բայը։
  • ԼՎԱԼ բայը չունի անկատար դերբայ, այստեղից էլ՝ նաև անկատար ներկա և անցյալ ժամանակաձևեր։ Գրական չեն ԼՎՈՒՄ ԵՄ, ԼՎՈՒՄ ԷԻ և նման մյուս ձևերը։ Դրանց կազմության համար գործածվում է ԼՎԱՆԱԼ բայը։
  • ԿԵՆԱԼ բայն ինքնուրույն գործածվում է միայն անորոշ դերբայով (կենալ) և հրամայական եղանակի բայաձևերով (կա՛ց, կացե՛ք)։ Սակայն որպես հարադրավոր բայերի բաղադրիչ՝ կարող է խոնարհվել մյուս ձևերով նույնպես․ ՎԵՐ Է ԿԵՆՈՒՄ, ԱՆՑ ԿԱՑԱՎ և այլն։
  • ԱՐԺԵԼ բայն ունի անորոշ դերբայ և սահմանական եղանակի ներկա և անցյալ ժամանակաձևեր (արժեմ, արժեի)։ Պակաս ձևերը լրացվում են ԱՐԺԵՆԱԼ բայով։
  • ԿԱՄ, ԳԻՏԵՄ, ՈՒՆԵՄ բայերն ունեն միայն սահմանական եղանակի ներկա և անցյալ ժամանակաձևեր (կամ, կայի, գիտեմ, գիտեի, ունեմ, ունեի)։ Պակաս ձևերը լրացվում են ԼԻՆԵԼ, ԳԻՏԵՆԱԼ, ՈՒՆԵՆԱԼ բայերով։
  • ԵՄ բայը կոչվում է ԷԱԿԱՆ (երբ հանդես է գալիս լինել, գոյություն ունենալ նշանակությամբ, օր․՝ ԱՇՈՒՆ Է) կամ ՕԺԱՆԴԱԿ (երբ հանդես է գալիս որպես բայի եղանակային ձևերի բաղադրիչ)։ Ունի ներկա (եմ, ես, է, ենք, եք, են) և անցյալ (էի, էիր, էր, էինք, էիք, էին) ժամանակաձևեր։

Այսպիսով, ժամանակակից հայերենում կան մի քանի բայեր, որոնք ունեն միայն ներկա և անցյալ անկատար ժամանակաձևեր։ Դրանք կազմվում են ոչ թե դերբայով ու օժանդակ բայով, այլ՝ բայահիմքով և վերջավորությամբ։ Այս բայերը հաճախ կոչվում են հավելավոր բայեր։

 

ბლოგი

მოსაზადებელი კურსი მოსწავლეებისთვის

პროფესიული

მსგავსი სიახლეები