20 აპრილი, შაბათი, 2024

Վանկը ժամանակակից հայերենում

spot_img

აზნივ ვოსკანიან

სსიპ წალკის მუნიციპალიტეტის სოფელ კიზილკილისის საჯარო სკოლის დირექტორი, სომხური ენისა და ლიტერატურის მასწავლებელი

 

 

Վանկը հնչաբառի այն նվազագույն հատվածը, միավորն է, որը արտաբերվում է օդի մեկ մղումով, մեկ շնչով եւ որը դադարով սահմանազատվում է հնչաշղթայի նույնատիպ միավորներից: Ձայնաբանական տեսանկյունով վանկը բառ է կամ բառի մի մասն է՝ կազմված մեկ եւ ավելի հնչյուններից եւ բնորոշվում է հնչմանուժգնությամբ (ուժով)։
Վանկի մեջ հնչյուններից մեկը ավելի հնչուն է մյուսների համեմատությամբ։ Այդ վերջինս էլ կոչվում է վանկարար հնչյուն եւ վանկ է կազմում։ Մյուսները ոչ վանկարար հնչյուններ են։ Արդի հայերենում վանկ են կազմում միայն ձայնավորները (եւ՛ շեշտակիր, եւ՛ անշեշտ դիրքերում): Բաղաձայնները վանկարար հնչյուններ չեն: Ձայնավորը վանկ կարող է կազմել թե՛ միայնակ եւ թե՛ մեկ կամ մի քանի բաղաձայնների համակցությամբ: Օրինակ՝ ար-տա-հա-նել, գա-րուն, լը- սա-րան եւ այլն։ Հայերենում առանց ձայնավորի վանկ չի կազմվում, մինչդեռ բառի մեջ մեկ ձայնավորը, առանց բաղաձայնի կարող է վանկ կազմել, օրինակ՝ ա-մառ, ու-տել եւ այլն։ Վանկը իմաստակիր կամ իմաստատարբերակիչ միավոր չէ: Վանկի եւ լեզվի իմաստակիր միավորների՝ արմատի կամ ածանցի համընկնումը պատահական երեւույթ է, ինչպես՝ խաչ-քար, բայց՝ խաչ-քա-րա-կերտ, բան-վոր, բայց՝ բան-վո-րա-կան եւ այլն:
Ըստ այն հանգամանքի, թե ձայնավորը բառում այլ հնչյունների հետ ի՛նչ համադրությամբ է հնչում, վանկերը լինում են բաց եւ փակ: Բաց են միայն ձայնավորով կազմված կամ էլ ձայնավորով վերջացող վանկերը, օրինակ (ընդգծվածները)՝ ի-րա-վա-ցի, բա-ցա-կա, քը- նա-րա-կան, գը-րա-դա-րան եւ այլն։ Փակ վանկը վերջանում է բաղաձայնով, ինչպես (ընդգծվածները)՝ տար-բե-րակ, գոր-ծա-վար, շը-քա-մուտք եւ այլն։
Բառերը կարող են կազմված լինել մեկ վանկից (օրինակ՝ է «Աստված, էակ», արդ, մարդ, գառ, լեռ, հող, քար, շուն, գայլ եւ այլն) եւ մեկից ավելի վանկերից (անտրամադրվածություն, այգեպտղաբանջարաբուծություն եւ այլն)։
Հայերենում կան բառեր, որոնք կազմված են այսպես կոչված մեկ եւ կես վանկից (գաղտնավանկից). այդ դեպքում գրության ժամնակ գաղտնավանկի ը ձայնավորը չի գրվում, բայց արտաբերվում է, օրինակ՝ կայսր – կայ-սըր, աստղ – աս-տըղ, դուստր – դուս-տըր, գրիչ – գը-րիչ եւ այլն։ Բառասկզբում ը-ով սկսվող գաղտնավանկը այսօր գրական արեւելահայերենում համեմատաբար թույլ է արտասանվում՝ սկիզբ – ըս-կիզբ, սպանդ – ըս-պանդ (արեւմտահայերենում բառասկզբի ը-ն ավելի հստակ է արտասանվում):
Վանկատման կանոնները
ա) Երկու ձայնավորի միջեւ գտնվող մեկ բաղաձայնը անցնում է երկրորդին, ինչպես՝ ա-սել, կա-րել, տե-րու-նի, բե-րան:
բ) Երկու ձայնավորների միջեւ գտնվող երկու բաղաձայնները (այդ թվում եւ ձայնորդները) բաժանվում են երկու վանկի վրա, ինչպես՝ ամ-րոց, կար-գել, հայ-րիկ, ապ-րել:
Գաղտնավանկ ը-ի դեպքում գործում են հետեւյալ կանոնները.
ա) Բառասկզբում գրվող երկու բաղաձայնների միջեւ երբ արտասանվում է ը, այդ երկու բաղաձայնները բաժանվում են երկու վանկերի վրա, ինչպես՝ գը-ծուծ, տը-ղա, ժը-րաջան:
բ) Առանձին են մնում ս, զ, շ + պայթական կապակցությունները, որոնք եթե ձայնավորի սղումով չեն ստացվել, ը-ն ստանում են առջեւից՝ դարձյալ բաժանվելով երկու վանկերի վրա, ինչպես՝ ըս- տանալ, ըս-պառնալ, ըս-կիզբ, ըշ-տապել, ըզ-բաղվել եւ այլն: Այս օրենքը չի գործում, եթե այդպիսի հնչյունակապակցությունները (զբ, զգ, սկ, ստ, շտ եւ այլն) առաջացել են հնչյունափոխության հետեւանքով, ինչպես՝ սը-տախոս (< սուտ), զը-տել (< զուտ):
Բառասկզբի դիրքի համար պետք է հիշել նաեւ, որ երեք եւ ավելի բաղաձայններով սկսվող բառերում միշտ հաջորդ վանկ է անցնում վերջին բաղաձայնը, իսկ մյուսները ը գաղտնավանկով կազմում են առանձին վանկ՝ գըտ-նել, զըս-պել, մըկ-րատ, տըրտ-մություն, մը- կըրտ-վել, կըրկ-նություն, թըմբ-կահար եւ այլն:
Բառամիջում գործում են հետեւյալ կանոնները.
ա) երեք բաղաձայններից բաղկացած կապակցություններից, եթե առաջին երկուսը սովորաբար այնպիսիներն են, որոնցով բառերը կարող են հանգել, առաջին երկուսն անցնում են նախորդող, իսկ երրորդը՝ հաջորդող ձայնավորին, ինչպես՝ բարձ-րա-բերձ, կարծ-րա-նյութ, բեղմ-նա-վոր, արբ-շիռ։
բ) Չորս բաղաձայններից բաղկացած կապակցություններից առաջինն անցնում է նախորդ վանկին, երկրորդն ու երրորդը կազմում են մեկ վանկ՝ ը ձայնավորով, չորրորդն անցնում է հաջորդ վանկին, ինչպես՝ եր-կըն-չել, մար-տըն-չել, ըն-կըր-կել, ան-կըր-թու- թյուն, ընդ-գըր-կել, ընդ-նըշ-մարել։
գ) Հինգ բաղաձայնների բառակապակցություններով բառերը քիչ են եւ այն էլ՝ նախածանցներով կազմված, ինչպես՝ ան-կըրկ-նելի, ան-տըրտ-մա-բար։
Բառավերջում բոլոր բաղաձայնները որպես կանոն մտնում են մեկ վակի մեջ, ինչպես՝ մեկ-նարկ, լու-սանցք, ար-վեստ: Որպես բացառություն՝ նշենք այս երկու դեպքերը՝
1) Բառավերջի երկու բաղաձայններից երկրորդը եթե ր, ռ կամ ղ է, ապա դրանից առաջ ավելանում է ը գաղտնավանկ՝ սա- նըր, գամ-փըռ, ար-կըղ:
2) Գաղտնավանկ է ավելանում նաեւ այն դեպքում, երբ բառավերջի բաղաձայանին ավելանում է որեւէ հոդ (ս, դ կամ ն)՝ գոր-ծըս, միտ-քըդ:

Հայերենի շեշտը

Շեշտ ասելով՝ սովորաբար հասկանում ենք բառային շեշտը, որը բառի գլխավոր տարբերակիչ հատկանիշներից մեկն է (յուրաքանչյուր բառ անպայման ունի բառային շեշտ): Շեշտը բառի մեջ որեւէ վանկի ուժգին արտաբերումն է: Ժամանակակից հայերենում շեշտը հիմնականում ընկնում է բառի վերջին վանկի վրա (եթե դրա ձայնավորը ը-ն է, ապա նախավերջին ձայնավորի վրա): Շեշտվող վանկն արտահայտվում է օդի հոսանքի առավել ուժեղ արտամղմամբ, հետեւաբար եւ բառի վերջնավանկի վանկարար ձայնավորի ավելի ուժեղ արտասանությամբ։ Շեշտավոր վանկը ձայնաբանորեն տարբերակվում է ձայնի ուժգնությամբ, բնախոսորեն (ֆիզիոլոգիական տեսակետից) մկանային լարվածության եւ արտաշնչման ուժեղությամբ։ Շեշտավոր վանկը որակական տեսակետից էլ է տարբերվում ոչ շեշտավորից։ Շեշտավոր վանկի արտասանությունն ավելի հստակ է, մինչդեռ անշեշտ վանկերը թուլանում եւ հստակ չեն արտասանվում:
Հայերենի բառային շեշտը կայուն-շարժական է: Կայուն է, որովհետեւ որպես կանոն ընկնում է վերջին վանկի վրա, եւ շարժական է, որովհետեւ բառի աճմանը զուգընթաց (թեքման կամ բառակազմության ընթացքում) տեղափոխվում է վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ զինվո՛ր – զինվորակա՛ն – զինվորականնե՛ր – զինվորական- ների՛ց:
Հայերենի բոլոր ձայնավորներն էլ կարող են շեշտ ստանալ՝ բացի ը-ից: Սա շեշտվում է միայն այն դեպքում, երբ բառում այլ ձայնավոր չկա, օրինակ՝ տը՜զզ, ըհը՛, ը՛ստ, Մսը՛ր եւ այլն:
Հայերենում կան դեպքեր, երբ շեշտվում է ոչ վերջին վանկը.
1. Բառի վերջին վանկի (բաց թե փակ՝ նշանակություն չունի) ձայնավորը ը-ն է, օրինակ՝ գի՛րքը, սա՛ռը, ա՛րկ(ը)ղ, ծա՛ն(ը)ր եւ այլն:
2. Ավանդաբար առաջին վանկն է շեշտվում գրաբարյան ծագում ունեցող հետեւյալ բառերում՝ գո՛ւցե, մի՛գուցե, մի՞թե, մա՛նա- վանդ, նա՛մանավանդ եւ այլն:
3. Հայերենում վերջին վանկի վրա շեշտ չեն ընդունում -երորդ ածանցով կազմված բառերը՝ յո՛թերորդ, հիսուերե՛քերորդ, ո՞րերորդ, քանի՞երորդ (-րորդ-ով վերջացողները ընդունում են՝ երկրո՛րդ, երրո՛րդ, չորրո՛րդ):
4. Հարադրավոր բայերում շեշտվում է նախադաս հարադիրը՝ մե՛ջ ընկնել, վրա՛ տալ, գլո՛ւխ բերել, աչքո՛վ անել եւ այլն:
5. Շեշտ չեն ստանում նաեւ որ եւ թե բաղադրիչներով կազմված հարադրավոր բարդությունների այդ բաղադրիչները՝ կածե՛ս թե, ասե՛ս թե, ո՞նց թե, այնպե՛ս որ, ե՛րբ որ, ո՛նց որ եւ այլն:
6. Շեշտ չի ընդունում բայի բաղադրյալ ժամանակաձեւերի օժանդակ բայը, ինչպես նաեւ բաղադրյալ ստորոգյալի հանգույցը, ինչպես՝ մոտենո՛ւմ եմ, գալո՛ւ էիր, իմացե՛լ ենք, նաեւ՝ մա՛րդ ես, կա- տա՛կ էր, ու նաեւ՝ մա՛րդ դարձա, կատա՛կ թվաց: Ժխտական կազմություններում օժանդակ բայը, երբ գալիս է նախադաս դիրք, արդեն շեշտվում է: Այս դեպքում շեշտից զրկվում է դերբայը՝ չե՛մ մոտենում, չէի՛ր գալու եւ այլն: Բաղադրյալ ստորոգյալների ժխտական ձեւերում հանգույցը չի տեղափոխվում նախադաս դիրք եւ բնականաբար չի շեշտվում:
7. Ժխտական հրամայականի կազմության ժամանակ շեշտվում է մի արգելականը՝ մի՛ խոսեք, մի՛ գնա:
8. Վերջընթեր վանկն է շեշտվում նաեւ -իա ածանցով կազմված տեղանուններում՝ Իսպա՛նիա, Իտա՛լիա, Դա՛նիա, նաեւ՝ Արմե՛նիա, Կիլի՛կիա: Նաեւ փոխառյալ հասարակ անուններում՝ քի՛միա, մատե՛րիա, հիստե՛րիա եւ այլն:
Հայերենի փոխառյալ բառերում նույնպես, որպես կանոն, շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, որը բխում է արտասանության (շեշտադրության) ազգային-բնախոսական առանձնահատկություններից։ Այդ տեսակետից շեշտը նույնքան պահպանողական է, որքան մայրենի լեզվի հնչյունական համակարգը եւ քերականությունը։ Որոշ թվով փոխառությունների ուղիղ ձեւերում շեշտն ընկնում է փոխատու լեզվում ընդունված դիրքում, սակայն բառի թեքման կամ բառակազ- մության ժամանակ այն տեղափոխվում է վերջին վանկ, ինչպես՝ Լո՛նդոն, բայց՝ Լոնդոնո՛ւմ, լոնդոնցի՛, Շի՛լլեր, բայց՝ Շիլլերի՛ց, Շիլլերի՛ն, Արգենտի՛նա, բայց՝ Արգենտինայո՛ւմ, արգենտինակա՛ն, ֆի՛զիկա, բայց՝ ֆիզիկակա՛ն, ֆիզիկոսնե՛ր, լի՛գա, բայց՝ լիգայո՛ւմ եւ այլն:
Հայերենի որոշ բաղադրյալ բառեր կարող են ստանալ երկրորդ՝ ավելի թույլ շեշտ: Դրանք հատվածական եւ մասամբ այլ բարդություններ են, ինչպես նաեւ ամենա-, համա-, հակա-, վերա- նախա- ծանցներով եւ մի քանի այլ սկզբնաբաղադրիչներով կազմություններ, ինչպես՝ ա՛մենաբարի՛, վե՛րերկրյա՛, հա՛կակառավարակա՛ն, հա՛մահամալսարանակա՛ն, գե՛րհոգնածությո՛ւն, մա՛կընթացությո՛ւն, ռա՛զմահայրենասիրակա՛ն, ռոմանա՛գերմանակա՛ն, հյուսի՛սարեւմտյա՛ն, ջե՛րմաէլեկտրակենտրո՛ն, հե՛ծանվավա՛զք:
Ժխտական ձեւերում վերջին վանկի վրա՝ իր հիմնական տեղում, երկրորդ թույլ շեշտ կարող են ստանալ երեք եւ ավելի վանկերից կազմված բայերը, ինչպես՝ չե՛ս կարողանո՛ւմ, չե՛նք ուշանո՛ւմ, մի՛ լկտիանա՛: Այս դեպքում երկրորդ շեշտը իրադրային է եւ պարտադիր չէ:
Այդ կրկնակ շեշտերը տարբերվում են իրենց ուժգնությամբ. մեկն ավելի ուժեղ է, մյուսը՝ համեմատաբար թույլ։ Ուժեղ շեշտն ընկնում է բառի վերջին վանկի վրա եւ կոչվում է հիմնական կամ գլխավոր շեշտ, թույլն ընկնում է բառի առաջին բաղադրիչի առաջին կամ վերջին վանկի վրա եւ կոչվում է երկրորդական կամ կողմնակի շեշտ։
Լեզվում գոյություն ունի նաեւ տրամաբանական շեշտ: Տրամաբանական շեշտը նախադասության մեջ որեւէ բառի՝ մյուսների համեմատությամբ առավել ուժգին արտասանումն է: Նպատակը այդ բառով արտահայտված հասկացության վրա խոսակցի ուշադրությունը հրավիրելն է: Տրամաբանական շեշտ կարող է ստանալ նա- խադասության՝ նյութական նշանակություն ունեցող ցանկացած բառ, ինչպես՝ Վա՛ղը քննությունս կհանձնեմ: Վաղը քննությո՛ւնս կհանձնեմ: Վաղը քննությունս կհանձնե՛մ:

 

ერთიანი ეროვნული გამოცდები

ბლოგი

კულტურა

მსგავსი სიახლეები