19 მარტი, სამშაბათი, 2024

Երեք բաղադրիչով առաջարկ ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար

spot_img
Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը «Ոչ վրացալեզու դպրոցների աջակցություն» ծրագրի շրջանակներում ուժեղացնում է պետական լեզվի դասընթացները ոչ վրացալեզու ուսուցիչների համար: Լեզու սովորելը դառնում է որոշակի նախապայման նրանց կարիերային առաջխաղացման համար: Ինչպես հայտնի է, ոչ վրացալեզու դպրոցի/բաժնի գործող ուսուցիչները կպահպանեն իրենց կարգավիճակը մինչև 2023 թվականը, իսկ մինչ այդ նրանք պետք է բավարարեն կարգավիճակի բարձրացման երեք բաղադրիչանոց առաջարկը, որի բաղադրիչներից մեկը և, կարելի է ասել, նախապայմանը պետական լեզվի իմացության բարելավումն է:
Ինչ է առաջարկում Կենտրոնը ոչ վրացալեզու գործող ուսուցիչներին աջակցող ծրագրի շրջանակներում, և ինչպիսին կլինի նրանց կարիերային առաջխաղացման ճանապարհը, մանրամասների մասին խոսում է ծրագրի ղեկավար Նինո Բերիկաշվիլին։
„არა­ქარ­თუ­ლე­ნო­ვა­ნი სკო­ლე­ბის მხარ­და­ჭე­რის“ პროგ­რა­მის ფარ­გ­ლებ­ში, პრაქ­ტი­კო­სი მას­წავ­ლებ­ლე­ბის­თ­ვის სა­ხელ­მ­წი­ფო ენის შეს­წავ­ლა ძლი­ერ­დე­ბა

⏩⏩⏩ ინტერვიუ ნინო ბერიკაშვილთან: გახსენით ბმული 

 

⇒ Համառոտ պատմե՛ք ծրագրի մասին, ո՞րն է ծրագրին մասնակցող ուսուցիչների առաքելությունը:

⇒ «Ոչ վրացալեզու դպրոցների աջակցություն» ծրագիրը տարբեր անվանումներով գործում է մոտավորապես 2009 թվականից և նպատակ ունի նպաստել ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված մարզերի ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և ուսանման ու ուսուցման գործընթացին՝ պետական լեզվի իմացության խորացման միջոցով։

Մեր կրթական տարածքում ներկայումս կան շուրջ 285 ոչ վրացալեզու դպրոցներ և բաժիններ, իսկ ծրագիրը գործում է հոծ բնակեցված մարզերի՝ Սամցխե-Ջավախեթիի, Քվեմո Քարթլիի և նաև Կախեթի 165 դպրոցներում: Ծրագրում աշխատում են խորհրդատուներ և օգնական ուսուցիչներ, ովքեր տեղերում աշխատում են ոչ վրացալեզու դպրոցներում:

Ծրագրում ներգրավված ուսուցիչների առաքելությունն ու պարտականությունները բավականին բազմազան են՝ ծրագիրն ունի շատ կարևոր խնդիրներ. ազգային փոքրամասնությունների համար պետական լեզվով որակյալ կրթության ապահովում հանրակրթության մակարդակում, պետական լեզվի մանկավարժների որակյալ կադրերի ապահովում ազգային փոքրամասնություններով բնակեցված մունիցիպալիտետներում և ոչ ֆորմալ կրթության միջոցով ազգային փոքրամասնությունների աշակերտների՝ ընդհանուր մշակութային-կրթական տարածք ինտեգրման ապահովում։ Բացի այն, որ ծրագրի ուսուցիչները նպաստում են վրացերենի, որպես երկրորդ լեզվի, ուսուցմանը, նրանք նաև ակտիվորեն աշխատում են ոչ ֆորմալ կրթության ուղղությամբ տարբեր նախագծերի վրա․ նրանք ստեղծել են խմբակներ և ակումբներ, որոնք վրացերեն են գործում։ Իսկ դա, ինքնին, նպաստում է պետական լեզվի իմացության ամրապնդմանը:

Բացի այդ, ծրագրի ուսուցիչների պարտավորություններից մեկը դպրոցներում վրացերենի դասընթացների անցկացումն է, սա հատկապես վերաբերում է խորհրդատու ուսուցիչներին:

Վրացերենի դասընթացը, իհարկե, անցկացվում էր տարբեր ժամանակահատվածներում և տարբեր քանակությամբ մարդկանց համար: Այս տարի մենք այդ ուղղությամբ ունենք մեծ թվով ուսուցիչներ:

⇒ Ի՞նչն է դրա պատճառը։

⇒ Պատճառը կապված է նրանց մասնագիտական զարգացման հետ, իսկ ավելի մանրամասն, ուսուցչի մասնագիտության կանոնակարգման կարգում վերջին խմբագրման անցումային դրույթներում կատարվել է գրառում, որը ենթադրում է հետևյալը: Ոչ վրացալեզու դպրոցների/բաժինների գործող ուսուցիչների կարգավիճակը պահպանվում է մինչև 2023 թվականը։ Նույն կարգով են կանոնակարգվում ոչ վրացալեզու դպրոցների/բաժինների գործող ուսուցիչների կարիերային առաջխաղացման պայմանները: Այն գործող ուսուցիչները, որոնք մինչև այս պահը չեն կարողացել փոխել իրենց կարգավիճակը, կազմում են մոտավորապես 56 տոկոս: Մինչ այժմ տարեկան շուրջ 200-300 ուսուցիչ էր անցնում լեզվի դասընթացներ: Այս պահին դասընթացում ներգրավված է շուրջ 1200 ուսուցիչ: Զուգահեռաբար լեզվի դասընթաց է անցկացվում Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում։

⇒ Բացի վրացերեն սովորելուց, ի՞նչ պետք է անի գործող ուսուցիչը՝ իր կարգավիճակը փոխելու և ավագ ուսուցիչ դառնալու համար:

⇒ Իհարկե, լեզվի իմացությունը կարիերայի առաջխաղացման բաղադրիչներից մեկն է:

Այս փուլում մենք համարեցինք, որ հաջորդ փուլ անցնելու համար բավական է վրացերենը իմանալ B1 մակարդակով։ Ո՞րն է հաջորդ փուլը. մասնագիտական հմտությունների երկարաժամկետ թրեյնինգային դասընթացի հաջող ավարտը, բնականաբար, դա ևս վրաց լեզվով: Վրացերեն սովորելը նախապայման է, քանի որ մասնակիցը թրեյնինգային դասընթացը պետք է վրացերեն անցնի։ Դասընթացի տևողությունը մոտավորապես 48 ժամ է`բաժանված տարբեր մոդուլների: Նրա գնահատման չափանիշները հնարավորություն են ընձեռում, որ ի վերջո, երբ ուսուցիչը հաջողությամբ կավարտի դասընթացը, մտածենք, որ նա կատարելագործել է իր մանկավարժական և մասնագիտական հմտությունները:

⇒ Փաստորեն ոչ վրացալեզու գործող ուսուցիչներին, որպես քննությունների այլընտրանք, առաջարկում եք երկարաժամկետ մասնագիտական թրեյնինգ։

⇒ Այո՛, այդպես է: Մենք առաջարկել ենք գործող ուսուցիչներին կարգավիճակը բարձրացնելու նոր, երեք բաղադրիչանոց ուղի։ Ես արդեն խոսեցի երկու բաղադրիչների մասին, իսկ ինչ վերաբերում է երրորդ պարտադիր բաղադրիչին, դա առարկայի իրավասության հաստատումն է: Ուսուցիչը գոնե մասամբ պետք է հաստատված ունենա առարկայի կարողունակությունը, որպեսզի կարողանա կարգավիճակն այս կերպ փոխել:

Ամփոփելով ասեմ, որ ոչ վրացալեզու ուսուցիչը պետք է բավարարի երեք բաղադրիչ. առարկայի կարողունակության հաստատում մասամբ (1, 4, 7, 10 կրեդիտ միավոր), վրացերենի առնվազն B1 մակարդակի իմացությունը հավաստող փաստաթուղթ և հաջողությամբ անցած երկարաժամկետ թրեյնինգ-դասընթաց։ Եթե բոլոր երեք պայմանները բավարարվեն, գործող ուսուցիչը կդառնա ավագ ուսուցիչ։ Այս կարգը վերաբերում է միայն ոչ վրացալեզու դպրոցների գործող ուսուցիչներին:

Կավելացնեմ ևս մեկ նրբություն. մենք ոչ վրացալեզու դպրոցներում և բաժիններում ունենք ուսուցիչներ, ովքեր բարձրագույն կրթություն են ստացել Վրաստանում: Նրանցից այլևս չի պահանջվում լեզվի դասընթացներ անցնել: Եթե նրանք ներկայացնեն Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալու փաստը հաստատող փաստաթուղթ, ապա դա կդիտվի որպես լեզվի իմացության փաստաթուղթ: Արդեն շուրջ 150 ուսուցիչ գրավոր դիմել է մեզ, նրանք ներկայացրել են համապատասխան փաստաթուղթը: Նրանք, ովքեր հանձնել են քննությունը, անմիջապես կներգրավվեն հաջորդ՝ երկարաժամկետ թրեյնինգային դասընթացների փուլի մեջ: Իհարկե, ժամկետը սահմանափակ չէ, և այս ուսուցիչները դեռ կարող են դիմել մեզ:

⇒ Լեզվի դասընթացներ նրանք կանցնեն տեղո՞ւմ ՝ դպրոցներո՞ւմ:

⇒ Իհարկե, մենք սկսեցինք լեզվի դասընթացներ կազմակերպել այն դպրոցներում, որտեղ իրականացվում է մեր ծրագիրը: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում ունենք 120 խորհրդատու ուսուցիչ: Հետևաբար, այս ուսուցիչները տեղում, իրենց իսկ դպրոցի ուսուցիչների հետ խմբեր են կազմում և նաև իրենք են վարում լեզվի ուսուցումը: Համավարակի պատճառով մենք առաջարկեցինք նաև առցանց ձևաչափ. որոշ ուսուցիչներ ցանկանում էին դասընթացը առցանց անցնել, բայց ոմանք ընտրեցին առկա դասավանդումը: Ուսուցիչների այն խմբերի համար, ովքեր որոշել են առցանց դասընթացներ անցնել, այլևս նշանակություն չունի, թե ով է դասընթացը վարում ՝ նույն դպրոցում աշխատող խորհրդատու ուսուցիչ, թե՝ մեկ ուրիշը: Այսպիսով, այս խմբերը խառն են և բաղկացած են տարբեր դպրոցների ուսուցիչներից: Բայց այն ուսուցիչների հետ, ովքեր նախընտրում են լեզվի առկա դասընթացներ անցնելը, կաշխատի միայն իրենց դպրոցում աշխատող խորհրդատու ուսուցիչը՝ այն կանոնների և կանոնակարգերի պահպանմամբ, որ սահմանված է համավարակի պայմաններում աշխատելու համար։

⇒ Որքա՞ն ժամանակ է տրամադրվելու լեզվի դասընթացին, կամ որքա՞ն ժամանակում պետք է ուսուցիչները կարողանան ապահովել վրացերենի իմացության B1 մակարդակը:

⇒ Լեզվի դասընթացի յուրաքանչյուր մակարդակի տևողությունը մոտավորապես երեք ամիս է, օրինակ, եթե մասնակիցը, ըստ նախնական թեստի, B1 մակարդակում է, նա դասընթացն ավարտում է երեք ամսվա ընթացքում, և եթե նա առարկան ևս հանձնել է, ապա անցնում է երկարաժամկետ թրեյնինգային դասընթացին, իսկ այն դեպքում, եթե ուսուցիչը սկսում է A1 մակարդակից, նրան մոտ 9 ամիս կպահանջվի, որպեսզի ավարտի լեզվի ուսուցման դասընթացը։ Այստեղ ես ձեզ կասեմ, որ երբ ուսուցիչը ավարտի B1 մակարդակը, մենք նրան կառաջարկենք մեկ այլ հատուկ դասընթաց, որի ընթացքում նա կկենտրոնանա մասնագիտական հմտություններին հատուկ բառապաշար և տերմինաբանություն սովորելու վրա, ինչը հետագայում կօգնի նրան հաջողությամբ ավարտել երկարաժամկետ վերապատրաստման դասընթացը:

⇒ Առաջին փուլում գործող ուսուցիչների 56 տոկոսին ամբողջությա՞մբ կընդգրկեք, թե՞ կվերաբաշխեք երկրորդ հոսքի համար:

⇒ Այս փուլում մենք ծառայություններ ենք մատուցել բոլոր ցանկացողներին, բայց հնարավոր է, որ որևէ մեկը հետագայում ցանկություն ունենա ծրագրում ընդգրկվել, մենք չենք մերժի նրան, և պարբերաբար Ժվանիայի դպրոցը կհայտարարի լեզվի դասընթացի գրանցվելու մասին: Գլխավորն այն է, որ սահմանված ժամկետում (2023 թ.) տեղավորվի և կարգավիճակ ստանալու համար բոլոր երեք բաղադրիչները ամբողջությամբ բավարարի։ Ինչպես ձեզ ասացի, համակարգում կա 6900 ոչ վրացալեզու ուսուցիչ, այդ թվում ՝ շուրջ 3800-ը գործող ուսուցիչ է, որոնցից 1440 ուսուցիչ արդեն հաստատել է իր առարկայական կարողունակությունը: Այս տվյալների հիման վրա, եթե 1440 ուսուցիչ խորացնի լեզի իմացությունը և հաջողությամբ անցնի երկարաժամկետ մասնագիտական վարժանքային դասընթացը, կարող ենք ասել, որ նրանք պոտենցիալ ավագ ուսուցիչներ են:

⇒ Այս առաջարկը կլինի միանվագ հնարավորություն, թե՞ երկրորդ հնարավորություն էլ կընձեռվի այն ուսուցիչներին, ովքեր չեն կարողանա ապահովել առաջարկված բաղադրիչները:

⇒ Ինչպես արդեն ասացի, լեզվի դասընթացը շարունակաբար ընթանում է, այս փուլում բոլոր խորհրդատուներն ունեն խմբեր, և դասավանդման գործընթացը սկսված է: Ցանկալի չէ գործընթացի կեսից խմբում ավելացնել նոր մասնակից, բայց այն մասնակիցը, ով դուրս կմնա դասընթացից կամ չի կարողանա ավարտել որևէ մակարդակ, իհարկե, նախնական թեստ հանձնելուց հետո հնարավորություն կունենա գրանցվել լեզվի այն դասընթացին, որը մենք կհայտարարենք։ Ինչ վերաբերում է երկարաժամկետ վերապատրաստման մոդուլին, դա կախված կլինի նրանից, թե ինչ ժամկետում կավարտի ուսուցիչը ակտիվությունը, եթե դա կլինի 2023 թվականին, իհարկե, նա այլևս չի տեղավորվի ժամանակի մեջ, որպեսզի նորից անցնի դասընթաց։

⇒ Հետաքրքիր է, թե ինչպիսին է ոչ վրացալեզու ուսուցիչների մոտիվացիան։

⇒ Մոտիվացիան բավականին բարձր է, գործընթացն ընթանում է բավարար: Մի քանի օր առաջ մենք անցկացրինք միջանկյալ թեստավորում, նախնական թեստից հետո խորհրդատու ուսուցիչը հանձնարարականներ է տրամադրում այն թույլ կողմերը հաղթահարելու համար, որ բացահայտվել է միջանկյալ թեստերը ստուգելիս։ Դասընթացը սկսվել է ապրիլին, և բացահայտ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Թերևս, այս ընթացքում մենք ունեցել ենք դասընթացից հեռանալու ընդամենը մի քանի դեպք:

 Զրույցը վարեց Լալի Ջելաձեն

Թարգմանությունը` Զոյա Մխիթարյանի

ერთიანი ეროვნული გამოცდები

ბლოგი

კულტურა

მსგავსი სიახლეები